Ով է՞ հոգեբանը

«Հոգեբան» թերթի նպատակն է մեր հասարակությանը ծանոթացնել հոգեբանի մասնագիտությանը և նպաստել հոգեբանի ծառայությունից օգտվելու մշակույթ ձևավորելուն:

Ապրելով 21–րդ դարում՝ յուրաքանչյուրս կամա-ակամա կրում ենք այն ազդեցությունը, որն առաջ է գալիս գիտատեխնիկական զարգացման այս օրեցօր ահագնացող մրցավազքի մեջ: Դա այն սթրեսածին իրավիճակն է, որն առաջ է գալիս մեր կողմից անկառավարելի տեղեկատվական հոսքի առկայության պայմաններում: Սթրեսը, լինելով հոգեֆիզիոլոգիական երևույթ, բնորոշվում է որպես հուզական լարվածություն: Այն դրական նշանակություն ունի մեր կյանքում, որի չափավոր առկայության դեպքում մենք ավելի մոտիվացված ենք դառնում, իսկ մեր կյանքը՝ ավելի հետաքրքիր: Սակայն ներկայումս մեր իրականության մեջ ոչ միայն չափավորված չեն սթրեսածին իրավիճակները, այլև ցածր է դրանց կանխատեսելիության աստիճանը, որը մեր երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական  անբարենպաստ պայմանների ֆոնի վրա ստեղծում է մի միջավայր, որտեղ յուրաքանչյուրս ապրում ենք մշտական սթրեսի մեջ: Այս պայմանները բավարար են, որ մեր ներաշխարհում առաջ գան հոգեբանական տարատեսակ փոփոխություններ, որոնք կսկսեն էլ ավելի բարդացնել մեր առօրյան:

Ահա այս իրավիճակում է, որ արժե կարևորել հոգեբանի աշխատանքը և վերը նշված պայմաններին հարմարվելու գործընթացում առանց ներքին խոչընդոտների օգտվել նրա մասնագիտական աջակցությունից:

Ելնելով թերթի նպատակից՝ հոգեբանի մասնագիտությունը բնութագրող հատվածը կրկնողաբար կամ փոքր-ինչ վերափոխված տարբերակով կներկայացնենք թերթի այս և առաջիկա համարներում:

  Ո՞վ է հոգեբանը և ինչո՞վ է տարբերվում  հոգեբույժից

Հոգեբանը հումանիտար ոլորտի մասնագետ է, որը պատրաստ է լսել մարդուն անհանգստացնող խնդրի մասին և հոգեբանական հատուկ մեթոդների կիրառման շնորհիվ կարող է օգնել նրան՝ հաղթահարելու այն և անցնել բնականոն կյանքի:

Շատ հաճախ մենք հոգեբանին նույնացնում ենք հոգեբույժի հետ և մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերի ազդեցության հետևանքով սկսում ենք խուսափել հոգեբանին դիմելու մտքից. հոգեբանը բժիշկ չէ և, ի տարբերություն հոգեբույժի, դեղեր չի կիրառում իր աշխատանքի ընթացքում, այլ հոգեբանական զրույցի, հատուկ թեստերի միջոցով պարզում է մարդու ներաշխարհում առկա խնդիրները և մշակված  վարժությունների և առաջադրանքների միջոցով օգնում է հաղթահարելու դրանք:

Հոգեբույժը բժիշկ է, որը գործ ունի հոգեկան խանգարում (հիվանդություն) ունեցող մարդկանց հետ և դեղերի կիրառման միջոցով օգնում է նրանց՝ հնարավորինս վերականգնելու խաթարված առողջությունը կամ առնվազն կառավարելի դարձնելու վերջիններիս վարքը, որպեսզի կարողանան ապրել առանց վնասելու իրենց և շրջապատի մարդկանց:

Հոգեբանական խնդիրներ և հոգեկան խանգարումներ

Հոգեբանական խնդիրները մեր ներաշխարհում առաջացած այն մակերեսային փոփոխություններն են, որոնց հետևանքով սկսում է խաթարվել մեր բնականոն, հանգիստ կյանքը: Որպես վառ օրինակ՝ կարելի է բերել անհասկանալի վախերը, (ֆոբիաներ), տագնապային վիճակները և այլն:

Հոգեկան խանգարումները (հիվանդություններ) մարդու ներաշխարհում (հոգեկանում) առաջացած այն խորքային փոփոխություններն են, որոնց արդյունքում լրջորեն խախտվում է մարդու հոգեկան հավասարակշռությունը: Մարդն անկանխատեսելիորեն կարող է հայտնվել գերակտիվ կամ գերպասիվ վիճակներում, լրջորեն խախտվում է շփումը շրջապատի մարդկանց հետ, վարքը դառնում է անվերահսկելի, իսկ որոշակի դեպքերում՝ վտանգավոր իր կամ շրջապատի մարդկանց  համար:

Հոգեբանական խնդիրները ժամանակին չլուծելու հետևանքով ոչ միշտ, բայց շատ հաճախ, մարդու ներաշխարհում կարող են զարգանալ հոգեկան հիվանդություններ՝ նևրոզ, պսիխոզ և այլն:

Ինչու՞ և ո՞ր դեպքում դիմել հոգեբանի օգնությանը

Վերը նշվածի մեջ փորձեցինք որոշակիորեն հասկանալի տարանջատել հոգեբանական խնդիրները հոգեկան հիվանդություններից, բայց ոչ միշտ է այդ տարբերությունն ակնառու և այստեղ է, որ մեր և մեր շրջապատի մարդկանց բարեկեցությունից ելնելով՝ արժե օգտվել հոգեբանի աջակցությունից: Մենք տարիների ընթացքում սովորել ենք, որ երբ մեր կամ մեր մտերիմի կյանքում որևէ բան այն չէ և կանգնել ենք մեզ կամ այլ մարդկանց հասկանալու խնդրի առաջ, դիմենք գուշակի, «մոմ թափողի» կամ, լավագույն դեպքում՝ ընկերոջ խորհրդի օգնությանը: Թերևս հենց այստեղ ընդգծենք այն, որ ապրում ենք 21-րդ դարում, և արժե դուրս գալ այդ կաղապարային մտածողությունից, իսկ որևիցե դժվար իրավիճակի բախվելիս դիմենք հոգեբան-մասնագետի օգնությանը:

«Երեխաս վախեցել է, իրեն տարօրինակ է պահում, որոշել եմ տանել վախ բռնողի մոտ»՝ խնդիր, որ ցավոք առկա է մեր հասարակության մեջ, որի մասին բարձրաձայնելու և լուծման եղանակներ փնտրելու կարիք հաստատապես կա: Իհարկե, վախ բռնողն էլ հոգեբանական տեսանկյունից որոշակի դրական ազդեցություն կարող է ունենալ տվյալ խնդրի լուծման հարցում, այնուհանդերձ, երեխան հոգեբան-մասնագետի աջակցության կարիք ունի:

Ֆոբիա կամ ես վախենում եմ

Ես վախենում եմ օգտվել վերելակից, բնորոշվում է որպես վախ փակ տարածությունից, այլ կերպ՝ կլաուստրոֆոբիա: Ֆոբիան այն վախն է, որի պատճառն անբացատրելի է. մարդը ունի վախի զգացողություն, բայց չի կարողանում բացատրել դրա իրական պատճառը: Սա հոգեբանական խնդիր է, որը մի կողմից խանգարում է մեր բնականոն կյանքին, մյուս կողմից միտում ունի խորանալու և տարածվելու կյանքի այլ ասպեկտների վրա:

Ի՞նչ է հոգեբանական խորհրդատվությունը

Մենք հաճախ հոգեբանական խորհրդատվությունը նույնացում ենք հոգեբանի կողմից տրված խորհուրդի հետ և հոգեբանին այցելելով՝ ակնկալում, որ նա մեզ պետք է խորհուրդ տա, թե ինչպես լուծենք մեր առաջ ծառացած այս կամ այն խնդիրը: Իրականում պատասխանն այլ է. հոգեբանական խորհրդատվությունն (ռուսերեն՝ консультация) այն գործընթացն է, որի ժամանակ հոգեբանը ոչ թե խորհուրդ է տալիս մեզ այս կամ այն խնդրի լուծման հարցում, այլ օգնում է հասկանալու և լուծելու մեր առաջ դրված խնդիրները.

Ամուսնական խնդիրներ՝ «Ամուսինս ինձ չի սիրում…»,

Մանկական խնդիրներ՝ «Երեխաներս ինձ չեն լսում…» և այլն:

Հոգեբանական խնդիրների առաջացման հիմնական պատճառները կյանքի սթրեսածին իրավիճակներն են երեխայի  դաստիարակության  մեջ թույլ տրված սխալներն ու բացթողումները, որոնք հիմնականում տեղի են ունենում ընտանիքում: Ընտանիքը, լինելով հասարակության միավորը, որտեղ ծնվում և մեծանում են մեր երեխաները, բարդ և միևնույն ժամանակ նուրբ մի կառույց է, որտեղ տեղի ունեցող փոփոխություններն ուղիղ կամ անուղղակի ձևով ազդում են այն կազմող անհատների՝ առաջնահերթ հենց երեխաների վրա: Ահա այսպիսի փոփոխություններից մեկն  է երկրորդ երեխայի ծնունդը:

Shopping Cart